Սեմինար հանդիպում Ծաղկաձորում

Մայիսի 24-25–ին Ծաղկաձորի «Մուլտի Ռեստ» հյուրանոցային համալիրում տեղի ունեցավ ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատի կողմից կազմակերպված սեմինար-հանդիպումը, որի նպատակն էր գործարարներին ներկայացնել ՀՀ հարկային օրենսդրության փոփոխությունները:
Հանդիպմանը ներկա էին ՀՀ ԱԺ պատգամավոր Մարտին Սարգսյանը, ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացուցիչներ և տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող գործարարներ:
Սեմինարին որպես փորձագետներ հրավիրված էին «ՇԵՄՄ Քոնսալթինգ» ընկերության մասնագետները: Մասնակիցները հանգամանորեն տեղեկացվեցին հարկային օրենսդրության վերջին փոփոխություններին, Հայաստանի տնտեսությանը սպասվող նոր մարտահրավերներին ու պահանջներին:
Հանդիպման երկրորդ մասում կազմակերպվեց հարց-պատասխան, որի ժամանակ գործարարները ստացան հարկային օրենսդրության վերաբերյալ իրենց հուզող հարցերի պատասխանները: