fbpx

Զրոյական ներմուծման մաքսատուրքեր կորոնավիրուսով պայմանավորված

Առողջապահության նախարարության դրական եզրակացության դեպքում անհատական պաշտպանության, ախտահանիչ, ախտորոշիչ և այլ ապրանքների ներմուծումը երրորդ երկրներից կազատվի մաքսատուրքից։

Այս օրերին բիզնեսն ավելի շատ քննարկում է

կառավարության աջակցության շրջանակում իրեն հասանելիք աջակցությունը ստանալու հարցերը, այնինչ ֆինանսական խորհրդատուները, հաշվապահները և մաքսային ներկայացուցիչները նկատում են բացված նոր հնարավորություններ, որոնք ժամանակին և ճիշտ օգտագործելը վստահաբար շատ ավելի օգտակար կարող է լինել։
Նախորդ գրառման մեջ անդրադարձել էինք պարենային մի շարք ապրանքների երրորդ երկրից ներմուծման դեպքում մաքսատուրքի զրոյացմանը, որի կնպաստի հաշվապահական ինքնարժեքի նվազեցմանը։

Այժմ կներկայացնենք Կորոնավիրուսային վարակի տարածման նախազգուշացման և կանխարգելման  համար Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կողմից ընդունվեց 2020 թվականի մարտի 16-ի N 21 որոշումը, որով նախատեսված է ԵԱՏՄ տարածք ներմուծելիս մաքսատուրքից ազատել․

 

  • անհատական պաշտպանության միջոցներին,
  • ախտահանիչ միջոցներին,
  • ախտորոշիչ ռեագենտներին,
  • որոշակի տեսակի բժշկական սարքավորումներին և նյութերին:

 

Որոշումով սահմանված է նաև, որ սահմանված ապրանքների ներմուծման մաքսատուրքերից ազատումը կարող է իրականացվել միայն համապատասխան լիազոր մարմնի /այս դեպքում լիազորված է ՀՀ Առողջապահության նախարարությունը/ տրված եզրակացության հիման վրա, որով պետք է հավաստվի ներմուծված ապրանքների նպատակային նշանակությունը: 

Որոշման համապատասխան հավելվածներով սահմանված են  արտոնություն ունեցող ապրանքների ցանկը, եզրակացություն ստանալու համար դիմումի ձևն ու կարգը, ինչպես նաև վերջնական եզրակացության ձևն ու կարգը:

 ՀՀ կառավարությունը,սահմանել է Հայաստանի Հանրապետության տարածք «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով կորոնավիրուսային վարակի տարածման նախազգուշացմանը և կանխարգելմանն ուղղված առանձին տեսակի ապրանքների նպատակային նշանակությունը հաստատող եզրակացության տրամադրման կարգը։

Եզրակացություն ստանալու համար ներմուծող անձը Առողջապահության նախարարություն է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը՝

  • Դիմում՝ համաձայն N 1 ձևի, 
  • Ներմուծվող ապրանքի հաշիվ-ապրանքագիրը կամ այլ հաշվապահական համարժեք առևտրային փաստաթղթեր:

 

Լիազոր մարմինը, հայտատուի ներկայացրած փաստաթղթի հիման վրա, երկու աշխատանքային օրվա ընթացքում տալիս է եզրակացություն լիազոր մարմնի ձևաթղթով համաձայն ձևի:

 

Եզրակացություն ստանալու մասին դիմումը լիազոր մարմնի կողմից մերժվում է, եթե դիմումը թերի է լրացված, և չեն ներկայացվել համապատասխան կարգով պահանջվող փաստաթղթերը, որի մասին լիազոր մարմինը տեղեկացնում է հայտատուին, և հայտատուն երկու աշխատանքային օրվա ընթացքում չի վերացնում դիմում կամ կից փաստաթղթերում առկա թերությունները:

 

Եզրակացություն ստանալու համար ներկայացված դիմումի մերժման մասին որոշման ընդունումից հետո լիազոր մարմինը մեկ աշխատանքային օրվա ընթացքում գրավոր (էլեկտրոնային եղանակով, փոստով կամ առձեռն) տեղեկացնում է հայտատուին՝ նշելով մերժման հիմքերը:

 

Հայտատուն եզրակացության տրամադրման մերժումը կարող է բողոքարկել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Եզրակացությունը կորցնելու, ոչնչացվելու դեպքում լիազոր մարմնի կողմից կարգին համապատասխան դիմում ներկայացնելու հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում կտրամադրվի եզրակացության կրկնօրինակը, որի աջ անկյունում կատարվում է դրոշմակնքում՝ Կրկնօրինակ բառով։

 

Մարիամ Ալավերդյան

ՇԵՄՄ Բրոքերս ՍՊԸ